Խաղ-դաս՝ «Ներդաշնակ հասարակություն» թեմայով

Դասի մասնակիցներն էին «Համակարգիչների շահագործում՝ օպերատոր համակարգչի» մասնագիտությամբ երկրորդ  կուրսի և «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում՝ վարսահարդար» մասնագիտությամբ երրորդ կուրսի ուսանողները:
Խաղ դասի նպատակն էր վերհանել կատարյալ կին, կատարյալ տղամարդ հասկացությունների ընկալումը հայկական մշակույթում և օգնել գիտակցել, թե այդ ընկալումներն ինչպես կարող են ճնշել ներկայացված հասկացություններին չհամապատասխանող անձանց:
Մասնակիցներին զույգերով տրամադրվեց գենդերային դերերի վերաբերյալ ասույթներ, որոնց բովանդակությունը բավականին հետաքրքիր մեկնաբանեցին առանձին զույգերը՝ առաջացնելով լսարանում բուռն քննարկումներ և կարծիքների փոխանակումներ:
Այնուհետև միասեռ խմբերի բաժանված մասնակիցները գրատախտակին առանձնացված «կին» և «տղամարդ» սյունակներում փակցրին հակառակ սեռի «կատարյալ կերպարների» նկարագիրն իրենց ընկալումով: Ակտիվ քննարկումներից հետո մասնակիցները նկարագրեցին մեկ «վտանգ պարունակող» ընկալում, որից կուզենային խուսափել և մեկ «կատարյալ կերպար», որին կձգտեին հասնել:
Ուրախալի էր այն փաստը, որ մասնակիցները, անկախ սեռից ցանկանում են ապրել այնպիսի ներդաշնակ հասարակությունում, որտեղ ցանկացած ոլորտում լինի հավասարություն, իսկ ընտանիքում բոլոր անդամները միասին ընդունեն որոշումներ, բոլորն ունենան իրենց տեսակետը բացահայտ արտահայտելու հնարավորություն, քննադատեն և աջակցեն միմյանց և միաժամանակ մնան որպես անկախ ու պատասխանատվության զգացում ունեցող անհատներ:

Բնագիտամաթեմատիկական միավորում