«Բաց դռների ամիս» 

14/04/2021

 

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում ապրիլի 9-ին մեկնարկվեց Կարիերայի ուղղորդման կենտրոնի կողմից հայտարարված  «Բաց դռների ամիս» միջոցառումների շարքը։ 
Միջոցառմանը ներկա էին «Բիզնես և կրթություն-գործընկերություն» հիմնադրամի խորհրդի նախագահ՝ Մարինե Ժամկոչյանը, գործարար Անուշ Ռստակյանը, «Ֆերտի» բարեգործական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ՝ Խաչիկ Սահակյանը և Շիրակի մարզի  Սարատակ և Ջրաձոր համայնքների երիտասարդներն ու մանկավարժները։
Միջոցառումը մեկնարկվեց համայնքների երիտասարդներին՝ Կարիերայի ուղղորդման պատասխանատու Լևոն Իգիթյանի և ուսանողական խորհրդի անդամների կողմից իրականացված մասնագիտական կողմնորոշմանը խթանող քայլերով. նրանք շրջայց կատարեցին ուսումնարանի արհեստանոցներով և գործնականում ծանոթացան ուսումնարանում առկա  մասնագիտություններին, ուսանողների կատարած աշխատանքներին։ 
Միջոցառման երկրորդ հատվածում «Վերականգնվող էներգիայի աղբյուրներ ու էներգաարդյունավետ տեխնոլոգիաներ» թեմայով դասախոսություն կարդաց «Ֆերտի» բարեգործական կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Խաչիկ Սահակյանը, ով հանգամանորեն ներկայացրեց արևային էներգիայի օգտագործման հնարավորությունները՝ որպես այլընտրանքային աղբյուր, դրա արդյունավետությունը  և նպատակահարմարությունը։ 
Ի դեպ, «Ֆերտի» բարեգործական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից «Վերականգնվող էներգիայի աղբյուրների ու էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ներդրմամբ կենտրոն-լաբորատորիայի ստեղծման» ծրագրի շրջանակներում ուսումնարանի «Արևոտ Շիրակ» Ուսանողական ընկերությունը մասնակցել է հայտարարված ենթադրամաշնորհային  ծրագրերի մրցույթին՝  շահել  և ֆինանսավորվել է, որի արդյունքում ուսումնարանից  զատ Սարատակ, Շիրակավան համայնքներում ընկերության կողմից տեղակայվել են արևային կայաններ,  ձեռք բերվել պայմանավորվածություններ  նաև Ջրաձոր և Ալվար համայնքներում։ 
Հարկ է նշել, որ Գերմանական «Բիզնես և կրթություն» հիմնադրամի համագործակցությամբ ուսումնարանում 2019 թվականից ձևավորվել են «Առողջ սերունդ», «Գեղեցիկ վարսեր», «Էկոլոգիապես մաքուր տոպրակներ», «Ազգային հուշանվերներ», «Արևոտ Շիրակ» Ուսանողական ընկերությունները: Ընկերությունների անդամները փետրվար ամսից համագործակցել են Շիրակի մարզի Սարատակ, Ջրաձոր, Շիրակավան համայնքների աշակերտների հետ, ներկայացրել իրենց ընթացիկ աշխատանքները, որի արդյունքում համայնքների երիտասարդների նախաձեռնությամբ ձևավորել են Աշակերտական ընկերություններ: 
 Ուսումնարանի տնօրեն Քնարիկ Ահարոնյանը մատնանշեց Սարատակ և Ջրաձոր համայնքների երիտասարդների ոգևորությունը, ձևավորված Աշակերտական ընկերությունների տեսլականը և նրանց համագործակցությունը ուսումնարանի Ուսանողական ընկերությունների հետ։
Միջոցառմանը հեռավար հետևում էր նաև Գերմանական «Մասնագիտական կրթություն և ուսուցում համագործակցություն»  ծրագրի ղեկավար Ուտե Ֆոկը, ով հանդես եկավ ողջույնի խոսքով՝ նշելով, որ «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամի աջակցությամբ ստեղծված Ուսանողական և Աշակերտական ընկերությունները խթան են հանդիսանում գնահատելու ՄԿՈւ կրթությունն ու դրա դերը հասարակության զարգացման կյանքում, նպաստում են ուսանողների և աշակերտների ձեռնարկատիրական մտածելակերպի և գործունեության հմտությունների զարգացմանը։ Նա հույս հայտնեց, որ նմանատիպ ծրագրերը և միջոցառումները շարունակական կլինեն և կընդլայնեն իրենց աշխարհագրությունը։
Համայնքների երիտասարդներին իրենց գործունեությունը ներկայացրին ուսումնարանի «Արևոտ Շիրակ», «Առողջ սերունդ» Ուսանողական ընկերությունների անդամներ Արթուր Զուռնաչյանը և Զոհրաբ Գևորգյանը։ Նրանք կիսվեցին գրանցած հաջողություներով և դժվարություններով:
Ուսումնարանի տնօրենի կազմակերպադաստիարակչական գծով տեղակալ Անուշ Մկրտչյանը կարևոր համարեց անդրադառնալ բիզնես գաղափարի ընտրությանը, բիզնես պլան կազմելու նրբություններին և պատասխանեց երիտասարդներին հետաքրքրող հարցերին։
Միջոցառումն ընդմիջվեց «Առողջ սերունդ» Ուսանողական ընկերության կողմից կազմակերպված համեղ և առողջ սննդի հյուրասիրությամբ։