«Սկսնակ խոհարար» 

25/11/2016

2016 թվականի նոյեմբերի 22-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում «Խոհարարական գործ` խոհարար» կուրսում անցկացվեց բաց դաս՝ «Սկսնակ խոհարար» թեմայով: Դասի նպատակներն էին ցուցադրել ուսանողների ստացած գիտելիքները և արդի խոհարարության վերաբերյալ կատարված հետազոտական աշխատանքները, զարգացնել համագործակցելու և թիմում աշխատելու կարողություններ, ստեղծել միջառարկայական կապ համակարգչային օպերատորություն  մոդուլի հետ: 
Ուսանողները նախօրոք կատարել էին հետազոտական աշխատանքներ՝ զուգահեռներ տանելով ավանդական և ժամանակակից խոհարարության միջև: Շեշտադրելով հայկական խոհանոցը՝ նրանք պատրաստել էին հանձնարարված թեմայի վերաբերյալ սահիկաշար: 
Հետազոտական աշխատանքի ցուցադրությունն ուղեկցվեց խոհարարության վերաբերյալ օգտակար խորհուրդների, հայկական կերակրատեսակների՝ ղափամայի, հարիսայի  և այլնի պատրաստման ձևերի ու եղանակների նկարագրմամբ:  
Ուսանողների արագ կողմնորոշման կարողությունները ստուգելու համար նրանց առաջադրվեց ներկայացնել ցուցադրվող խոհանոցային պարագաների ու սարքերի անվանումները, համալրող մասերը և օգտագործման նպատակները:
Տեսական գիտելիքները գործնականում կիրառելու նպատակով ուսանողները բաժանվեցին աշխատանքային խմբերի՝ ըստ հանձնարարությունների: Խմբերը տրված առաջադրանքները կատարեցին վարժ` պահպանելով սանիտարիայի և հիգիենայի նորմերը և պատրաստման տեխնոլոգիան:
Դասն արդյունավետ և նպատակային  էր, որը խթանեց ուսանողների ինքնուրույն հետազոտական կարողությունների և ճանաչողական հետաքրքրությունների զարգացմանը: 

Դասավանդող՝  Մ. Լավազանյան