Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանը  «Աշխարհի հմտություններ» միջազգային մրցույթի ազգային փուլում  գրանցեց իր հաղթանակը

07/07/2016

Հունիսի 30-ին ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվեց «Հայաստանի հմտություններ-2016» մրցույթի ազգային փուլի մրցանակաբաշխությունը և փակման արարողությունը:
Միջոցառումը նվիրված էր 2016թ. մայիսի 14-28-ին կայացած «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի մասնակիցների պարգևատրմանը` «Խոհարարություն», «Ոսկերչություն» և «Նորաձևության տեխնոլոգիա» մասնագիտությունների գծով:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, ՄԿՈՒ ուսումնական հաստատությունների տնօրեններ, գործատուներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, սոցիալական գործընկերներ, ուսանողներ:

Շնորհավորելով մրցույթի մասնակիցներին՝ նախարար Լևոն Մկրտչյանը հաղթողներին  հանձնեց մրցանակներ և վկայականներ, իսկ  առաջին տեղ զբաղեցրած 3 մասնակիցներին՝  նաև մեդալներ: 

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ոսկերիչ մասնագիտությամբ երրորդ կուրսի ուսանող Հովհաննես Մանվելի Նազարյանը <Աշխարհի հմտություններ> միջազգային մրցույթի ազգային փուլին մասնակցելու և  «Ոսկերչութուն» մասնագիտության գծով առաջին տեղը զբաղեցնելու համար պարգևատրվեց ոսկե մեդալով, մասնակցության վկայականով և մրցանակով, նույն կուրսի ուսանող Արտյոմ Աղասու Զուրնաչյանը՝ վկայականով և մրցանակով: 
Առանձնահատուկ էր «Երևանի ոսկերչական գործարան» ընկերության գլխավոր տնօրեն, հայաստանի ոսկերիչների միության նախագահ Էմիլ Գրիգորյանի գնահատանքը, ով իր համագործակցությունն ու օժանդակումն առաջարկեց ուսումնարանում ոսկերչական մասնագիտական կրթությունն առավել բարձր որակով իրականացնելու համար։

Հովհաննես Նազարյանը  Աբու Դաբիում կայանալիք <Աշխարհի հմտություններ> միջազգային մրցույթին ոսկերչություն մասնագիտությամբ ներկայացնելու է Հայաստանը: