ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՄՐՈՒ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ /ԳՏԿ/

24/05/2018

Ս/թ մայիսի 22-ին, «Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում» առաջին կուրսի ուսանողները ճանաչողական այց կատարեցին Գյումրու տեխնոլոգիական կենտրոն /ԳՏԿ/: Այցը նպատակ ուներ ուսանողներին ծանոթացնել Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի գործունեությանը, կենտրոնում գործող լաբորատորիաներին, արդիական սարքավորումներին և գործիքներին։
Ուսանողներին հյուրընկալեց ԳՏԿ-ի հանրային կապերի պատասխանատու Արփինե Բաղդասարյանը, ով ներկայացրեց ԳՏԿ-ի ստեղծման պատմությունը, կենտրոնում գործող էլեկտրատեխնիկական, մեխանիկական հզոր լաբորատորիաները, տեղեկատվական տեխնոլոգիաների և ծրագրավորման ոլորտի դասընթացները։ Շրջայցի ընթացքում ուսանողները ծանոթացան նաև կենտրոնի տարածքում գործող յուրաքանչյուր կազմակերպության գործունեությանը, աշխատանքային պայմաններին, աշխատողի նկատմամբ ներկայացվող պահանջներին, հեռանկարներին։
ԳՏԿ դասախոս Վահրամ Մուրադյանը բացատրեց  էլեկտրատեխնիկական, մեխանիկական լաբորատորիաների սարք – սարքավորումների տեխնիկական բնութագրերը, կիրառման ոլորտները, անհրաժեշտությունը ռադիոէլեկտրոնիկայում և ռոբոտաշինությունում։ 
ԳՏԿ-ի կրթական ծրագրերի համակարգող  Իրինա Սաֆարյանը, ուսանողներին իրազեկեց իրականացվող կրթական ծրագրերի, պարբերաբար անցկացվող անվճար դասընթացների, ՏՏ ոլորտում, ՀՀ և Գյումրիում ներկայումս առավել պահանջված մասնագիտությունների մասին։
Շրջայցը բավականին հագեցած էր, հետաքրքիր և զարգացնող։
Քննարկման ընթացքում պարզվեց, որ ուսանողները հետաքրքրված էին ներկայացված տեղեկությամբ, լաբորատորիաների հնարավորություններով և մասնագիտական զարգացման հեռանկարներով։