Ճանաչողական այց Արթիկի տարածաշրջանի Սպանդարյան համայնքի <<Կուլիանի>> պատմաերկրագիտական թանգարան

01/06/2018

Մայիսի 27-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի առաջին կուրսեցիները ճանաչողական այց կատարեցին Արթիկի տարածաշրջանի Սպանդարյան համայնքի տարածքում գտնվող <Կուլիանի> պատմաերկրագիտական թանգարան։ Այն նպատակ ուներ առաջին կուրսի ուսանողների մոտ ամրապնդել  Ք.Ա. 9-րդ դարում Հայկական լեռնաշխարհում տեղի ունեցած պատմական իրադարձությունների մասին գիտելիքները։
 Ուսանողները ծանոթացան դեռևս հնագույն ժամանակներից գյուղում պահպանված վաղ բրոնզի, ուշ բրոնզի դարաշրջանների, ուրարտական թագավորության շրջանի արժեքավոր իրերին՝ խեցեղեն, զարդեր, զենքեր, մետաղադրամներ, թասեր, հին գրքեր՝ Աստվածաշունչ, Կտակարան, որոնք ամփոփված են մեկ ընդհանուր հարկի տակ՝ գյուղի նորաբաց Մշակույթի տանը գործող «Կուլիանի» պատմաերկրագիտական թանգարանում:
Թանգարանի ցուցանմուշներին ծանոթանալուց հետո ուսանողներն այցելեցին նաև Տաշտոնց քարափ կոչվող վայրը, որտեղ գտնվում էր  ամենաարժեքավոր գտածոն՝ Արգիշտի 1-ին թագավորի թողած Ք.ա.  8-րդ դարի սեպագիր արձանագրությունը։
Պատմաբան, թանգարանի տնօրեն Արմեն Սարգսյանը փաստեց, որ արձանագրությունը համարվում է համայնքի անձնագիրն ու գլխավոր այցեքարտը։ Այն յոթ տողանոց ռազմական բնույթի սեպագիր արձանագրություն է, որն առաջին անգամ գտնվել և վերծանվել է 1884 թ.-ին: 
Նա ընթերցեց արձանագրությունը, որի բովանդակությունը հետևյալն է. <Խալդին նվաճեց Կուլիանի երկիրը, տարածեց այն Արգիշտիի առջև, Արգիշտին նվաճեց Տուրբանի քաղաքը Կուլիանի երկրի>:
Ուսանողներն այցելեցին նաև ուրարտական ժամանակաշրջանի քարանձավ, որտեղ  առկա է դեռևս չբացահայտված անհայտ ուղղությամբ ձգվող խրամուղի։ 
Այցը ուսանելի և տպավորիչ էր, ուսանողների մոտ մեծ հետաքրքրություն առաջացրեց 8-րդ դարի սեպագիր արձանագրությունը և պահպանված անտիկ նմուշները։ 
Նրանք կարևորեցին նմանատիպ  այցերը,  որպես տեսանելի և ավելի մնայուն գիտելիք։