«Գեղեցկության գինը»

30/11/2022

2022 թվականի նոյեմբերի 29-ին «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում`վարսահարդար» երրորդ կուրսում անցկացվեց «Գեղեցկության գինը» թեմայով բաց դասը։ Դասի նպատակն էր զարգացնել ինքնուրույն աշխատելու և հետազոտական աշխատանքներ կատարելու ունակություններ, ցուցադրել մասնագիտական կարողություններ, համադրել մազերի երանգները սանրվածքի հետ`հաշվի առնելով գլխի, դեմքի ձևերը, մարդաչափական տվյալները, ձևավորել գեղագիտական ճաշակ և գեղեցիկը գնահատելու կարողություն։

Ուսանողները բաց դասը սկսեցին ողջույնի յուրատիպ մեկնարկով:

Դիտարժան սահիկաշարերի և տեսանյութերի ցուցադրմանը զուգահեռ ուսանողները հանգամանալից ներկայացրեցին գեղեցկության չափանիշները վարսավիրական արվեստում՝ անդրադառնալով անհատի մարդաչափական տվյալներին, բնավորությանը, մազերի առանձնահատկություններին, մասնագիտական ուղղվածությանը, կտրվածքի ճիշտ ընտրությանը։ Նշանակալից էր ուսանողների ցուցադրած փորձը, որը բնութագրում էր հիմնական գույների միախառնումից՝ սառը և տաք գույների ստացման գործընթացը։

Գովելի էր այն փաստը, որ ուսանողների կողմից նախապես նկարահանվել էին առաջին կիսամյակի ընթացքում մոդելավորած սանրվածքների կատարման ընթացքը, որը լայնէկրան ցուցադրվեց լսարանին։

Բաց դասն ավարտվեց Շիլլերի թևավոր խոսքերով․« Ով գեղեցկությունը չի կարող պաշտպանել,

անարժան է նրա ոսկե պարգևին»:

Դասավանդող՝ Կ.Գաբրիելյան