«Հնամենի զարդերի վերածնունդը» թեմայով բաց դաս

30/03/2022

 

2022թ.-ի մարտի 28-ին ՀՀ ԿԳՄՍՆ «Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ - ում անցկացվեց «Հնամենի զարդերի վերածնունդը» թեմայով բաց դասը: Բաց դասի նպատակն էր ծանոթանալ Հայաստանի զարդարվեստի պատմությանը և մշակութային կյանքին, ժամանակակից հայ ոսկերիչներին և նրանց ձեռակերտ աշխատանքներին, ցուցադրել ոսկերիչ ուսանողների ձեռքի աշխատանքները, ինչպես նաև արժևորել արվեստի կրթադաստիարակչական կողմերը:
Միջոցառման նախաբանը՝ հայկական կոլորիտը իր նրբագեղությամբ ներկայացնող տեսանյութի ցուցադրումն էր, որտեղ բարդ զարդանախշերով ձեռակերտ զարդերն իրենց տարազների վրա կրող կանայք հանդես էին գալիս զարդը բնութագրող կերպարով:
Այնուհետև, սահուն կերպով, անցում կատարվեց հաջորդ տեսանյութերի ցուցադրմանը, որտեղ մանրակրկիտ ներկայացված էին Արման Դավթյանի` ոսկերիչ-ոճաբան Նուռի  հանրաճանաչ ոսկերչական իրերի և զարդերի նմուշները: Բավականին տպավորիչ էին արվեստագետ - արծաթագործ Գոռ Հովհաննիսյանի ստեղծած զարդերի ներկայացումը, ում խոսքերով. «Ոսկերչությունն ու արծաթագործությունը ճարտարապետություն են փոքր մաշտաբների մեջ»: Գեղեցիկ էր նաև ավանգարդ ոճի ստեղծագործող Արտյոմ Սարգսյանի աշխատանքների ներկայացումը, ում դիպուկ արտահայտմամբ էլ. «Արվեստը դա մարդ արարածն է`բնության առեղծվածը»:
Բաց դասը եզրափակվեց սովորողների կողմից ոսկերիչի պարտականությունները, գործառույթները, աշխատավայրը, ոսկերչություն մասնագիտության կարևոր որակները ներկայացնելով, իրենց կողմից ստեղծված ոսկերչական իրերը, զարդերը ցուցադրելով և վերջիններիս տեխնիկական բնութագրերը արհեստավարժորեն ու գրագետ մեկնաբանելով:
Միջոցառման ընթացքում ուսանողներին հաջողվեց ներկաներին կտրել առօրյայից և տեղափոխել «արհեստի և արվեստի զարմանահրաշ աշխարհ»։