- Հայերեն
- Français
- English
Հայ օպերային արվեստի ռահվիրան
Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում 2021 թվականի նոյեմբերի 30-ին տեղի ունեցավ բաց դաս՝ «Հայ օպերային արվեստի ռահվիրան» խորագրով։ Դասը կազմակերպվել էր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։ Ուսանողները թեմատիկ սահիկաշարի միջոցով ներկայացրին հայ անվանի երաժշտահանի թողած մշակութային հարուստ ժառանգությունը՝ նշելով, որ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կրում է նրա անունը:
Օրվա խորհուրդը երկու հանճարների հանդիպումից ծնված գեղարվեստական հրաշքի ներկայացումն էր: Ցուցադրվեց Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայից հատվածներ՝ որի գեղարվեստական հիմքը անմահ լոռեցու՝ Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմն է։ Մասնակիցները ներկայացրին «Ալմաստ» օպերայի ստեղծման պատմությունը՝ մեջբերելով Նվարդ Թումանյանի հիշողությունները։
Ֆիլմ-օպերայի ցուցադրմանը զուգընթաց ուսանողները կարդացին հատվածներ «Թմկաբերդի առումը» պոեմից, ներկայացրին թատերական դրվագներ։ Դասն ավարտվեց գեղեցիկ պարային կատարումով։
Ամփոփելով դասը՝ մասնակիցները համոզմունք հայտնեցին, որ այսօր էլ Սպենդիարյանի «Ալմաստ» օպերան համարվում է հայ երաժշտական արվեստի գլուխգործոց, որի միջոցով սերունդներ են դաստիարակվում։
Գ. Ավետիսյան