Մաքուր պահե՛նք  մեր հայրենի բնօրրանը

16/06/2021

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողները «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամի, 5165 շարժման հետ համագործակցությամբ մասնակցեցին «Համահայկական մաքրության օր» միջոցառմանը, որի շրջանակներում մաքրման աշխատանքներ կատարեցին Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնքի Գրիգոր Լուսավորիչ ուխտատեղի, Սբ. Թադեոս Առաքյալ, Սբ. Հակոբ, Հոգեվանք հոգևոր տարածքներում: 
Հոգևոր հովիվ տեր Հակոբը օրհնեց ուխտավոր ուսանողների նախաձեռնությունը, միասնական աղոթք բարձրացրին առ Աստված, որից հետո նրանք մեծ ոգևորությամբ մասնակցեցին մաքրման աշխատանքներին:  
Համակարգված աշխատանքների շնորհիվ տարածքները մաքրվեցեն ավելորդ խոտածածկից և կուտակված աղբից։
Աստվածահաճո գործից հետո ուսումնարանի դասախոս Արման Պետրոսյանը ներկաներին ներկայացրեց տեղեկատվություն՝ Սառնաղբյուրի պատմական և մշակութային արժեքների վերաբերյալ: Այնուհետ մասնակիցները լրացրին «Ծանոթություն պատմական և մշակութային տուրիզմի զարգացման որոշ մասնագիտությունների հիմունքներին» մոդուլի հիման վրա կազմված հարցաթերթիկները՝ արտահայտելով իրենց կարծիքներն ու վերաբերմունքը իրականացված միջոցառման վերաբերյալ: 
Ուսանողները տուն դարձան իրենց ուխտը վերաիմաստավորած ու հոգևոր ուժով տոգորված: 
                                                
    Ս. Էլբակյան