Երկրաչափությունը և արվեստը

12/03/2021

 

 Մարտի 10-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում անցկացվեց բաց դաս երկրաչափությունից`«Երկրաչափությունը և արվեստը» խորագրով: Դասի նպատակն էր ճանաչել  և գնահատել մաթեմատիկայի դերը մարդու կյանքում,     ընդլայնել ուսանողների  իմացության մտահորիզոնը, նպաստել մաթեմատիկայի գեղագիտական ներուժի բացահայտմանը:
     Դասին մասնակցում էին առաջին և երկրորդ կուրսերի ուսանողները, որոնց նախապես հանձնարարված էր լրացուցիչ աղբյուրներից հավաքել տեղեկություններ, պատրաստել զեկույցներ, լուսաբանող նյութեր և թեմային համապատասխան սահիկաշար: 
Թեման ներկայացվեց «Ոսկե հատում», «Հավասարակողմ եռանկյուն», «Բազմանիստերը մեր կյանքում» ենթաթեմաներով:
  Դասը սկսվեց հետևյալ աֆորիզմով` «Երկրաչափությունն ինքն Աստվածն է ... և հանդես է գալիս որպես նրա նախապատկեր աշխարհի կառուցման ընթացքում»:
Մասնակիցները հետաքրքիր զուգահեռներ տարան երկրաչափության, արվեստի տարբեր ոլորտների, բնության և գիտության օրինաչափությունների միջև:
Ուսանողները կարողացան ինքնուրույն կատարել վերլուծություններ` օգտագործելով դիդակտիկ նյութեր, բանաձևեր, սահիկաշար, թեմայի վերաբերյալ բովանդակային տեսանյութեր:
Ամփոփելով դասը` մասնակիցներն եկան այն եզրակացության, որ մաթեմատիկան ամենուր է և այն մեզ հնարավորություն է տալիս խուսափել գորշ միօրինակությունից, հագեցնել կյանքը գեղագիտական արժեքներով`տալով բնական երևույթներին ներդաշնակություն, երաժշտական հարմոնիա, գեղեցիկի համաչափություն և կյանքի շարունակականության գաղափար:

Բնագիտամաթեմատիկական մեթոդմիավորում