«Հայրենասեր կնոջ կերպարը …»  

01/03/2019

 

Փետրվարի  26-ին Գյումրու  թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում  տեղի ունեցավ պատմություն առարկայից բաց դաս՝  «Հայրենասեր կնոջ կերպարը…»   խորագրով: Դասը  նվիրված էր Սրբոց Վարդանանց տոնի խորհուրդին: Դասին մասնակցում էին «Համակարգիչների շահագործում` օպերատոր համակարգչի» առաջին կուրսի ուսանողները:
Նպատակն էր ներկայացնել Վարդանանց պատերազմը՝ որպես հայրենիքի ազատության և անկախության համար մղված հերոսամարտ և հայ կնոջ կատարած դերը այդ պատերազմում:
Գնահատել հայ  կնոջ կերպարը հայոց պատմության էջերում՝ անձնազոհության  ու հայրենասիրության օրինակ: Նպաստել ուսանողների  հետազոտական և վերլուծական մտքի զարգացմանը:
Դասի սկզբում ուսանողները խոսեցին  451թ.-ի Ավարայրի ճակատամարտի մասին, ներկայացրեցին պատերազմի պատճառներն ու հետևանքները: Նշեցին,  որ պատերազմը կրում էր համաժողովրդական բնույթ . հող հայրենին պաշտպանելու  էին ելել  իշխաններ, գյուղացիներ, ազնվական կանայք, գեղջկուհիներ: Որպես հավաստի վկայություն` ուսանողները կարդացին Եղիշեի «Վասն Վարդանի և հայոց պատերազմի» մատյանից «Տիկնայք փափկասուն հայոց աշխարհի» հատվածը: Վարդանանց պատերազմին մասնակցած  հայոց  փափկասուն կանանց քաջությունը, հայրենասիրությունը օրինակ դարձան հետագա սերունդների համար:
Ուսանողները ներկայացրին նախօրոք հանձնարարված հետազոտական աշխատանքների  արդյունքները, այն էր՝ տեղեկություններ հավաքել հայոց պատմության մեջ հայտնի կանանց մասին:  Իրենց հայրենանվեր գործերով հիշատակվեցին Փառանձեմ թագուհին,  Շուշանիկ Մամիկոնյանը, Սոսե Մայրիկը, արցախյան պատերազմի հերոս Անահիտ Մարտիրոսյանը: Ոսանողների խոսքը ուղեկցվում  էր  իրենց իսկ պատրաստած սահիկաշարով: Ամփոփելով  դասը`  եկան այն եզրակացության, որ հայ կինը հայ ընտանիքի, տան հիմքն է, և  պատահական չէ, որ այդ հիմքի վրա կառուցվում է հայկականությունը և հայ լինելու, հայ  մնալու  կարևորագույն խնդրիը: 

     Ա.Աղաբաբյան