«Վարպետաց քաղաքը ապրում է, ստեղծագործում, արարում և զարմացնում բոլորին... նաև արհեստագործ ուսանողների շնորհիվ»

09/10/2017

ՀՀ կրթության և գիտության նախարարության Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանը հոկտեմբերի մեկին իր ակտիվ մասնակցությունն ունեցավ վարպետաց քաղաքի օրվան նվիրված՝ «Հին ու նոր Գյումրի» խորագիրը կրող տոնական միջոցառումներին:  
Ամբողջ քաղաքը արհեստագործ «խրախճանքի» մեջ էր. ամենուր ցուցադրվում, ներկայացվում էր Գյումրվա հարուստ կոլորիտը պատկերող տեսարաններ: 
Հին ու նոր Գյումրու ազգային արհեստն ու արվեստը վառօրինակ արտահայտվել էին նաև Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողների ձեռքի աշխատանքներում. զարդակիրառական արվեստի յուրօրինակ նմուշներ, ռադիոէլեկտրոնային տեխնիկայի տարաբնույթ կիրառելի սարքավորումներ, ոսկերչության, փայտի փորագրության բազմաթիվ ավանդական և ժամանակակից գործիքներ:
 Ուսանողները խանդավառությամբ և արհեստավարժորեն ներկայացրեցին հայի տոկուն ոգի և արվեստագետի շնչով լի ստեղծագործ աշխատանքները: 
Ազգայինի ու ավանդականի համադրմամբ ինքնատիպ ստեղծագործություններն անտարբեր չթողեցին երկրի նախագահ Սերժ Սարգսյանին, քաղաքական գործիչներին, մտավորականներին,  ինչպես նաև արտասահմանից ժամանած հյուրերին: 
Նախագահի և նրա ուղեկիցների աչքից չվրիպեցին հատկապես ոսկերչական և փորագրված փայտի գեղարվեստական իրերը, ռադիոէլեկտրոնային կիրառելի սարքավորումները, ռոբոտները:
Հին ու նոր երգը սրտում՝ ապրում է Գյումրին: Ավանդապաշտ գյումրեցին, ձգտելով հասնել կատարելության, հավատարիմ մնալով իր ակունքներին, ապրում, ստեղծագործում, արարում և զարմացնում է… 
Իսկ արհեստագործական կրթօջախը շարունակում է «կռել իր դարբնոցում ոսկե բիլազուկներ»՝ նպաստելով քաղաքի մշակութային կյանքի և տնտեսության զարգացմանը։ 

Ուսմասվար  Ս. Էլբակյան