Ապրիլյան քառօրյա պատերազմին նվիրված միջոցառում Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում

31/03/2017

«Մարդը ուժեղ է գիտելիքով, հայրենիքը՝ զինվորով...»
Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում մարտի 30-ին Գյումրու կայազորի 55035 զորամասի հետ համատեղ անցկացվեց «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղ-մրցույթը՝ նվիրված ապրիլյան քառօրյա պատերազմին: Միջոցառման նպատակն էր գնահատել զինվորի դերը, արժևորել բանակի և երիտասարդության միասնությունը երկրի պահպանման ու հարատևման գործում: 
Ինտելեկտուալ խաղին մասնակցում էին Գյումրու կայազորի  55035  զորամասի, Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի և «Ընտանիք» կենտրոնի հավաքական  թիմերը: Թիմերը ներկայացել էին խորհրդանշական՝ «Հրետանավոր, «Հայորդի, «Սպարապետ», «Քաջազնունի», «Արարատ» անվանումներով:
Խաղը բաղկացած էր 3 փուլից, որոնց մեջ ընդգրկված էին հայոց պատմություն, նախնական զինվորական պատրաստվածություն, հայոց բանակ թեմաները: 
Մրցակցության մթնոլորտում բոլորը ձգտում էին հասնել վերջնական հաղթանակի:
Խաղն ուսանելի էր նաև ներկաների համար. նրանք ևս մեկ անգամ վերհիշեցին իրենց գիտելիքները և  հարստացրին դրանք նոր փաստերով, պատմական իրողություններով: 
Գնահատելի էր հատկապես մասնակիցների՝ հայրենի երկրի, հայոց բանակի մասին տեղեկատվության խորը իմացությունը: 
Խաղ-մրցույթն անցավ աշխույժ մթնոլորտում, մասնակից թիմերը դրսևորեցին ակտիվ մասնակցություն, արդյունքում հաղթեց Գյումրու կայազորի 55035 զորամասի «Հրետանավոր» թիմը: 
Խաղի փուլային անցումներում հայրենասիրական կատարումներով ելույթ ունեցան զինվորները  և ուսանողները:  
Միջոցառման ավարտին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն Քնարիկ Ահարոնյանը, շնորհավորեց մասնակիցներին՝ ցուցաբերած գիտելիքների, թիմային աշխատանքում միասնականություն դրսևորելու համար: 
Գյումրու կայազորի 55035 զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ փոխգնդապետ Արմեն Գրիգորյանը ողջունեց նմանօրինակ միջոցառումների կազմակերպումը, նշելով, որ հաջողությունը վերջնական չէ, պարտությունը՝ ճակատագրական, քաջություն ունենալն է շարունակելու և հասնելու նպատակին. ահա թե ինչն է իրոք կարևոր:

Ուսմասվար Ս. Էլբակյան