ԵՐԻՏԱՍԱՐԴ ԽՈՀԱՐԱՐԻ ՄԵԾԱԶՈՐ ՆՎԱՃՈՒՄԸ

05/06/2023

Հունիսի 2-ին, 3-ին և 4-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի «Խոհարար» որակավորմամբ ուսանող Ահարոն Մելիքյանը մասնակցեց EventToura ընկերության, Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի, WorldSkills Armenia-ի, Երևանի Քաղաքապետարանի և GIZ-ի աջակցությամբ անցկացված «Հայաստանի Երիտասարդ-ուսանող խոհարարի մրցույթ 2023»-ին։

Մրցույթի ժամանակ լրջախոհ և զգոն Ահարոնն աչքի ընկավ իր մասնագիտական հմտություններով՝խոհարարական հմուտ տեխնիկայով, մասնագիտական բարձր կատարողականությամբ, արագ կողմնորոշվելու հմտություններով, ժամանակի ճիշտ կառավարման կարողություններով,սանիտարա-հիգիենիկ նորմերի պահպանմամբ և այլ որակներով։ՀՀ մարզերի ՄԿՈՒ ոլորտի միակ ներկայացուցիչը Ահարոն Մելիքյանն էր, ով զբաղեցրեց պատվավոր երրորդ տեղ։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը, ՄԿՈՒԶԱԿ-ի տնօրեն Տաթևիկ Գասպարյանը, Հայաստանի խոհարարների ասոցիացիայի հիմնադիր-նախագահ Արբի Ղարախանին, միջազգային մրցավարները, մրցույթի մասնակից ուսանողները, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները և այլ հյուրեր:

Մրցույթի ընթացքում կորոշվեն նաև Worldskills Armenia մրցույթի եզրափակիչ ազգային փուլի մասնակիցները, որի հաղթողը կմասնակցի 2024թ. Ֆրանսիայի Լիոն քաղաքում կայանալիք WorldSkills International 47-րդ մրցույթին՝ ներկայացնելով Հայաստանի ազգային թիմը:

Կընտրվի նաև 2024թ. հունվարին Հնդկաստանում անցկացվելիք Young Chef Olympiad մրցույթի մասնակիցը: Նպատակների իրագործման ճանապարհին Ահարոն Մելիքյանին մաղթում ենք ստեղծագործական խիզախումներ և նորանոր հաջողություններ։

Ուսմասվար՝ Ա․ Մարգարյան