Զարմանահրաշ Ամերիկան

15/12/2022

2022 թվականի դեկտեմբերի 14-ին՝ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում երկրորդ կուրսերի մասնակցությամբ անցկացվեց «Զարմանահրաշ Ամերիկան» խորագրով բաց դասը՝ անգլերեն առարկայից։

Դասի նպատակն էր զարգացնել ուսանողների օտարալեզու բանավոր խոսքը, հարստացնել ճանաչողական և հանրամշակութային իմացությունը, խորացնել թեմայի շուրջ ձեռք բերած գիտելիքները։

Ամերիկյան մթնոլորտն ապահովված էր․դասը մեկնարկվեց ԱՄՆ-ն ներկայացնող անչափ հետաքրքիր տեսանյութով, որն էլ ուղեկցվեց ուսանողների կողմից անգլերեն-հայերեն մեկնաբանությամբ։ Գրագետ և հղկված արտասանությունն առանձնահատուկ շունչ հաղորդեց  բաց դասին։ Տեսանյութը սահուն կերպով փոխարինվեց սահիկաշարի ցուցադրմամբ, վերջինս էլ ներառում էր Ամերիկայի տասնհինգ նահանգների վերաբերյալ իմաստազեղ տեղեկություններ։ Հատկանշային էր ԱՄՆ-ի զարմանալի և զվարճալի օրենքները ներկայացնող փուլը, իսկ հավելյալ տեղեկություններն ու փաստերը հետաքրքրեցին ներկաներին։

Թեմայի վերաբերյալ գիտելիքների ստուգման նպատակով հարցեր հնչեցվեցին լսարանին, իսկ ուսանողների լակոնիկ և գրագետ պատասխանները վկայությունն էին  դասի արդյունավետության։

Ներկայանալի էր բաց դասը եզրափակող ԱՄՆ-ի էլեկտրոնային քարտեզի ցուցադրումը՝ պատրաստված «համակարգիչների շահագործում» մասնագիտությամբ երկրորդ կուրսեցիների  կողմից։