0605 - ՓԱՍՏԱԹՂԹԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ՝ԳՈՐԾԱՎԱՐ

Գործավարի մասնագիտությունը վաղուց արդեն լայն կիրառում է ստացել ամբողջ աշխարհում և որոշ միջին և մեծ ձեռնարկություններում գործում են գործավարական ստորաբաժանումներ, որոնք ապահովում են փաստաթղթերի հետ գրագետ և ստանդարտների պահանջներին համապատասխան աշխատանք:

Արդիական այս մասնագիտությամբ ուսուցումը իրականացվում է առկա ձևով՝
ա) միջնակարգ /լրիվ/ ընդհանուր կրթության հիմքով՝ 1 տարի տևողությամբ,
բ) հիմնական՝ ընդհանուր կրթության հիմքով՝ համատեղելով ավագ դպրոցի կրթական ծրագրերի հետ՝ 3 տարի տևողությամբ:
Մասնագիտական ուսումնական գործընթացը կազմակերպվում է փաստաթղթերի, աշխատանքային և միջանձնային հարաբերությունների վերաբերյալ տեսական գիտելիքների, գործնական պարապմունքների, ինչպես նաև արտադրական ուսուցման և պրակտիկաների ձևով: 
Մասնագիտական ուսուցման բարձր որակ ապահովելու նպատակով ուսումնարանում ձևավորված են տնտեսագիտության, գործավարական գործունեության կազմակերպման և իրականացման համար նախատեսված ժամանակակից սարքավորումներով և տեղեկատվական միջոցներով ապահովված լսարաններ: 

Մասնագիտական պրակտիկան սովորողները անցկացնում են տարբեր կազմակերպությունների գործավարական ստորաբաժանումներում, ուսումնասիրելով այդ կառույցներում առկա փորձը: Հանրակրթական առարկաներին զուգահեռ ուսումնառության տարիներին ուսանողները ուսումնասիրում են հետևյալ ընդհանուր և նեղ մասնագիտական մոդուլները՝ 

Հաղորդակցություն
Սովորողի մոտ ձևավորել աշխատանքային ու մասնագիտական գործունեության ընթացքում, ինչպես նաև անձնական կյանքում արդյունավետ և ակտիվ հաղորդակցվելու կարողություններ: 

Անվտանգություն և առաջին օգնություն
Սովորողի մոտ ձևավորել կազմակերպություններում աշխատանքի անվտանգության կանոնների պահպանման, աշխատանքի պաշտպանության միջոցառումների իրականացման և առաջին օգնության կազմակերպման կարողություններ: 

Ընդհանուր աշխատանքային գործունեության հմտություններ.
Տալ գիտելիքներ աշխատանքային գործունեության ընթացքում հաջողության հասնելու նախապայմանների մասին, ինչպես նաև ձևավորել ցանկացած բնագավառում անհրաժեշտ աշխատանքային կուլտուրա և էթիկա դրսևորելու, ղեկավարի և գործընկերների հետ արդյունավետ հարաբերվելու, առաջացած աշխատանքային խնդիրներն ընկալելու և համապատասխան լուծումներ տալու կարողություններ: 

Համակարգչային օպերատորության հիմունքներ
Տալ գիտելիքներ MICROSOFT WORD տեքստային խմբագրի մասին, ուսանողի մոտ զարգացնել տեքստային փաստաթղթերի պատրաստման, խմբագրման, դրանց ֆորմատավորման ու ձևավորման, ինչպես նաև փաստաթղթերի պահպանման, տպագրման և ինտերնետ ցանցում աշխատելու հմտություններ: 

Ընդհանուր տնտեսագիտության հիմունքներ
Ավարտելով այս մոդուլը՝ սովորողը կիմանա տնտեսագիտության տեսության ընդհանուր դրույթները, միկրո և մակրոտնտեսագիտության հիմունքները: Կիմանա արտադրական և տեխնոլոգիական գործընթացների կազմակերպումը, ինչպես նաև կազմակերպության գործունեության ոլորտի և դրա նյութատեխնիկական, աշխատանքային և ֆինանսական ռեսուրսները, դրանց արդյունավետ օգտագործման ցուցանիշները: Կիմանա աշխատանքի վարձատրության ձևերը՝ արդի պայմաններում, բիզնես-պլանի մշակման մեթոդաբանությունը: 

Մասնագիտական ոլորտի իրավական ապահովում
Ավարտելով այս մոդուլը՝ սովորողը կիմանա ՀՀ սահմանադրական իրավունքի հիմնական դրույթները, մարդու և քաղաքացու իրավունքները և դրանց իրագործման մեխանիզմները, կկարողանա կիրառել անհրաժեշտ իրավական ակտերը: Կիմանա մասնագիտական գործունեության մեջ իրավահարաբերությունների սուբյեկտների իրավական դիրքը, մասնագիտական ոլորտի աշխատողների իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև մասնագիտական գործունեության մեջ իրավահարաբերությունները կարգավորող հիմնական իրավական ակտերը: Կկարողանա պաշտպանել իր իրավունքներն աշխատանքային օրենսդրությանը համաձայն: 

Փաստաթղթերի ստեղծում և դասակարգում
Մոդուլի նպատակն է՝ ուսանողին գիտելիք տալ փաստաթղթի, կառավարման համակարգում նրա դերի ու նշանակության մասին:: Արդյունքում ուսանողը կսովորի ճիշտ պատրաստել և ձևավորել գործավարության մեջ օգտագործվող փաստաթղթերի հիմնական տեսակները, կծանոթանա փաստաթղթերի դասակարգման համակարգերին, փաստաթղթավորման և գործավարական գործառույթները սահմանող նորմատիվ իրավական և այլ ակտերին, կսովորի մշակել կազմակերպության գործավարության անհատական հրահանգը: 

Փաստաթղթաշրջանառություն
Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել փաստաթղթաշրջանառության կազմակերպման կարողություններ, ծանոթացնել ելից, մտից և ներքին փաստաթղթերին, դրանց ընդունման, գրանցման, որոշարկման, սահմանված ժամկետում կատարողին հանձնելու, կատարման հսկողության կազմակերպման, փաստաթղթի պատասխանի նախագծի մշակման աշխատանքներին: 

Գործերի անվանացանկ Ավարտելով այս մոդուլը՝ ուսանողը կիմանա գործերի անվանացանկերի տեսակները, դրանց ձևավորման, կազմման սկզբունքները, հաստատման գործընթացները, գործերում փաստաթղթերի դասակարգման սկզբունքները, ինչպես նաև կտիրապետի գործերի վերնագրերը կազմելու, պահպանման ժամկետները որոշելու եղանակներին: 

Կադրային գործավարություն
Մոդուլի նպատակն է ուսանողին գիտելիքներ տալ կադրային գործի կազմակերպաիրավական կարգի, աշխատանքի ընդունման, այլ աշխատանքի տեղափոխման, ազատման, գործուղումների, աշխատանքային պայմանագրերի, արձակուրդների տրամադրման փաստաթղթերի կազմմանն ու աշխատանքային գրքույկների, անձնական գործերի ձևավորման և վարման գործընթացների վերաբերյալ: 

Կազմակերպության ղեկավարի գործունեության կազմակերպական ապահովում
Մոդուլի նպատակն է ուսանողին գիտելիքներ տալ խորհրդակցությունների, հանդիպումների և ժողովների գործառույթների, դրանց կազմակերպման, ինչպես նաև այցելուների և հյուրերի ընդունելության, գործուղումների և բիզնես-հյուրասիրության կազմակերպման ընթացակարգերի, ղեկավարի աշխատանքային ժամանակացույց կազմելու վերաբերյալ: 

Կազմակերպության ղեկավարի գործունեության տեխնիկատեղեկատվական ապահովում
Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել համակարգչով, կապի և տեխնիկական այլ միջոցներով ստացված տեղեկատվության գրանցման, ընդունման, մշակման, պահպանման, բազմացման, հաղորդման, գրասենյակային տեխնիկական միջոցների գործածման, ղեկավարին անհրաժեշտ տեղեկատվության որոնման և լրաքաղման կարողություններ:

Ուսուցման նպատակն է պատրաստել որակյալ, շուկայի պահանջներին համապատասխան գիտելիքներով, կարողություններով ու հմտություններով զինված, մրցունակ գործավարներ: 

Շրջանավարտներին ամփոփիչ ատեստավորման միջոցով շնորհվում է<Փաստաթղթավարություն, տեղեկատվական և կազմակերպչական սպասարկում> մասնագիտության <Գործավար> որակավորում: 
Շրջանավարտները ստանում են նաև միջնակարգ կրթության ատեստատ: Ցանկացողները ընդհանուր հիմունքներով կարող են ուսումը շարունակել ԲՈՒՀ- երում: 

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության <0605 Փաստաթղթավարություն, տեղեկատվական և կազմակերպչական սպասարկում> մասնագիտության <Գործավար> որակավորմամբ մասնագետը կարող է իրականացնել հետևյալ զբաղմունքները. 
1. հաստատության գործավար, 
2. քարտուղար, 
3. գրասենյակի պետի օգնական և ռեֆերենտ: