«ՄԵԶԱՆԻՑ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ․․․»

04/04/2024

2024 թվականի ապրիլի 4-ին, Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում, աշխարհագրության, լանդշաֆտագիտության և էկոլոգիայի հիմունքներ առարկաների դասախոս Ա․ Բարոյանի նախաձեռնությամբ՝ «Մաքուր Հայաստան» ամենամյա խորագրի շրջանակում, անցկացվեց կլոր սեղան-քննարկում՝ «Մեզանից յուրաքանչյուրը» թեմայով։ Կլոր սեղան-քննարկմանը մասնակցում էին առաջին կուրսեցիները, իսկ որպես հրավիրյալ մասնակցում էր Գյումրու քաղաքապետարանի կոմունալ բաժնի սանիտարական մաքրման աշխատանքների համակարգող Համլետ Գևորգյանը։ Միջոցառման նպատակն էր ուսանողների մոտ դաստիարակել էկոկրթություն, սերմանել մշակույթ՝ կարևորելով սեփական երկրի և հայրենի քաղաքի մաքրության պահպանությունը։
Մասնակիցները նախապես կատարել էին հետազոտական աշխատանք, կապ հաստատել տեղական ինքնակառավարման մարմնի համապատասխան բաժնի աշխատակիցների հետ, ձեռք բերել պայմանավորվածություն՝ զրույց-քննարկումը համատեղ անցկացնելու նպատակով։
Ուսանողները հստակ ներկայացրեցին թեման՝ օգտագործելով իրենց պատրաստած տեղեկատվությունը, թեմատիկ սահիկաշարը և պաստառը։ Նրանք կարողացան բարձրաձայնել Գյումրի քաղաքի մաքրությանը առնչվող բազմաթիվ և հրատապ լուծում պահանջող հարցեր, կատարել վերլուծություններ, մեկնաբանություններ։ Անդրադարձան աղբահանությանը, դրա արդյունավետ կազմակերպմանն ու հասարակության մեջ էկոմշակույթի սերմանմանը։
Ուսանողներին հուզող հարցերին սանիտարական մաքրման աշխատանքների համակարգող Համլետ Գևորգյանի կողմից տրվեցին հիմնավոր և սպառիչ պատասխաններ։ Բուռն ծավալվող քննարկման ընթացքում լուսաբանվեցին արդիական խնդիրներ, առաջարկվեցին արդյունավետ լուծումներ, քանի որ յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է գիտակցել սեփական անձի կարևորությունը և գործուն մասնակցությունը հայրենի քաղաքի մաքրության պահպանության մեջ։