Սիրո և պանդխտության մեծ երգիչը

10/12/2019

Դեկտեմբերի 5-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում անցկացվեց բաց դաս՝«Սիրո և պանդխտության մեծ երգիչը՝ Նահապետ Քուչակ» խորագրով: Դասը կազմակերպել էին «Փորագրող՝ փայտյա գեղարվեստական իրերի» I կուրսի ուսանողները, որի նպատակն էր ծանոթացնել միջնադարյան բանաստեղծության մարգարիտներին՝ հայրեններին, դրանց կառուցվածքին, տաղաչափությանը և Քուչակի թողած ժառանգությանը:
Ուսանողները դասի նյութը ներկայացրին խմբային մեթոդով: Նախօրոք խմբերին տրվել էր տնային առաջադրանքներ՝ Քուչակի կյանքի, ստեղծագործության վերաբերյալ: Նրանք հետաքրքիր ավանդություններ պատմեցին աշուղ Քուչակի կյանքի մասին: Նշեցին, որ Քուչակին վերագրվում է մոտ 500 հայրեն, որոնք բաժանվում են թեմաների՝ սիրային, պանդխտության: 
Ուսանողների ընտրած հայրենները բացահայտում էին Քուչակ բանաստեղծի անչափելի սերը, կարոտը, ցավը: Նրանք զուգահեռներ անցկացրին Արևելքի խոշոր պոետներ Օմար Խայամի, Ռուդաքի, Հաֆեզի ստեղծագործությունների հետ և ընթերցեցին թեման բնորոշող հատվածներ:  
Գեղեցիկ ձևավորված դասասենյակը լրացնում էր միջնադարյան երաժշտությունը:
Թեման մատուցվեց նորովի. սիրո հավերժական գաղափարը վերաիմաստավորվեց ևս մեկ անգամ:

                   Գ. Ավետիսյան