Այցելություն Վեոլիա ջրի Գյումրու մասնաճյուղ ՓԲԸ՝ «Խմելու ջրի որակի լաբորատորիա»

29/10/2019

 

Հոկտեմբերի 16-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի առաջին կուրսի ուսանողներն այցելեցին Վեոլիա ջրի Գյումրու մասնաճյուղ ՓԲԸ՝ «Խմելու ջրի որակի լաբորատորիա»: Այցի նպատակն էր  ծանոթացնել «Վեոլիա ջրի Գյումրու մասնաճյուղ» ՓԲԸ- ի և խմելու ջրի որակի լաբորատորիայում կատարվող աշխատանքներին, խորացնել գիտելիքները ջրի աղտոտման պատճառների և դրանց վերացման վերաբերյալ, ինչպես նաև դաստիարակել խնայողական վերաբերմունք խմելու ջրի նկատմամբ:

Խմելու ջրի լաբորատորիայի վարիչ Հռիփսիկ Սիմոնյանը ուսանողնրին ծանոթացրեց Շիրակի մարզի խմելու ջրի ջրամատակարարման համակարգին և լաբորատորիայում կատարվող աշխատանքներին, որոնց նպատակը բնակչությանն անվտանգ, սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին համապատասխան խմելու ջրով ապահովելն է:

Քիմիկ լաբորանտ Շուշանիկ Մկրտչյանը տարբեր փորձերի միջոցով իրականացրեց խմելու ջրի քիմիական հտազոտություն, որի ընթացքում կոլորիմետրի միջոցով որոշվեց խմելու ջրում մնացորդային քլորի առկայությունը, պղտորաչափի և զգայորոշման միջոցով՝ ջրի պղտորությունը, pH-մետրի միջոցով՝ խմելու ջրի ջրածնային ցուցիչը և տիտրման եղանակով չափվեց ջրի կոշտությունը:

Փորձերի իրականացմանը ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին նաև ուսանողները:

Լաբորատորիայի մանրէաբան Մարինե Դավոյանը ուսանողներին ծանոթացրեց ախտահանման սարքերին, կատարվող նախապատրաստական աշխատանքների ընթացքին և կատարեց խմելու ջրի մանրէաբանական հետազոտություն:

 Մասնագետները լիարժեք բացատրություն տվեցին ուսանողներին հետաքրքրող բոլոր հարցերին:

Այցելությունից հետո անցկացվեց ստացած տպավորությունների բուռն քննարկում՝ կարևորելով խմելու ջրի մաքրությունը՝ որպես բնակչության անվտանգ և ապահով կյանքի գրավական:

 

 

Քիմիայի դասախոս՝                     Զ. Նահապետյան