Արդի մետաղաձուլությունն ու բնապահպանությունը

05/04/2019

Ս/թ մարտի 28-ին <Համակարգիչների շահագործում՝ օպերատոր համակարգչի> և <Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում՝ վարսահարդար> I կուրսերի ուսանողների մասնակցությամբ աշխարհագրություն առարկայից անցկացվեց բաց դաս <Արդի մետաղաձուլությունն ու բնապահպանությունը> թեմայով:
Դասի նպատակն էր ծանոթացնել Հայկական լեռնաշխարհում մետաղաձուլության և զինագործության զարգացման պատմությանը, <պոչամբար> եզրույթին, սերմանել բնության նկատմամբ հոգատար վերաբերմունք:
Մասնակիցներին նախապես հանձնարարվել էր պատրաստել նյութեր Պատմական Հայաստանում մետաղների հայտնաբերման և օգտագործման, արդեն գործող և նախատեսվող պոչամբարների և նրանցում ամբարված պոչանքի ծավալների վերաբերյալ: 
Ուսանողները մանրամասն ներկայացրեցին, որ դեռևս նախաքրիստոնեական ժամանակներից Հայկական լեռնաշխարհում արդյունահանել են սև և գունավոր մետաղներ, որոնց օգտագործումը հիմք է հանդիսացել զինագործության զարգացմանը՝ նպաստելով զինված բանակի ստեղծմանն ու հզոր պետության կայացմանը:  
Մետալուրգիական արդյունաբերությունը հանդիսացել է Հայաստանի տնտեսության առանցքային ճյուղ ինչպես ցարական Ռուսաստանի կազմում, այնպես էլ Խորհրդային Հայաստանում և ներկայիս Հայաստանում:
Մասնակիցները ուրվագծային քարտեզի վրա ներկայացրեցին արդյունաբերական առաջատար դիմագիծ ունեցող մարզերը՝ շեշտը դնելով դրանցում առկա էկոլոգիական աղետալի վիճակի վրա:
Լուսաբանվեց պոչամբարների՝ որպես շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա վնասաբեր հետք թողնող կառույցների գոյությունը:
Ներկայացվող նյութին զուգահեռ ցուցադրվեցին բովանդակալից սահիկաշար և տեսաֆիլմեր:
Դատապարտելով էկոլոգիական հիմնախնդրի մեջ մարդածին գործոնը՝ դասն ահազանգ դարձավ ստեղծված էկոլոգիական ճգնաժամային վիճակի մասին բարձրաձայնելու և սերմանելու սեփական երկրի նկատմամբ սրտացավ և ոչ անտարբեր վերաբերմունք:

Բնագիտամաթեմատիկական մեթոդմիավորում