Սպորտային մրցույթ ՝ նվիրված Հայոց բանակի 27-ամյակին

25/02/2019

 

Փետրվարի 22-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում անցկացվեց սպորտային մրցույթ-միջոցառում՝ նվիրված Հայոց բանակի 27-ամյակին: Մրցույթին մասնակցեցին ուսումնարանի, N զորամասի և «Ընտանիք» կենտրոնի հավաքական թիմերը՝ իրենց խորհրդանշական անվանումներով: 
Միջոցառման նպատակն էր խորացնել ուսանող-զինծառայող կապը, զարգացնել վստահություն սեփական ուժերի նկատմամբ: 
Մրցույթն անցկացվեց սեղանի թենիս, շախմատ, բազկամարտ մարզաձևերով՝ պահպանելով օլիմպիական սկզբունքը: 
Միջոցառումը սկսվեց ՀՀ պետական օրհներգով: Ներկաները ծանոթացան մրցույթի կանոնակարգին, մրցավարներին: 
Դահլիճում տիրում էր մրցակցային պայքարի թեժ մթնոլորտ. թե՛ զինվորները, թե՛ դեռահասները ոգևորված էին՝ լցված հաղթանակի ձգտումով:  
Մինչ մրցույթի արդյունքների ամփոփումը, ռադիոմեխանիկ երկրորդ կուրսի ուսանող Տարոն Ղազարյանը հանդես եկավ հայրենասիրական երգերով: 
Ամփոփելով մրցաշարի արդյունքները՝ 55035 զորամասի հրամանատարի տեղակալ, անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով փոխգնդապետ Արմեն Գրիգորյանն իր ելույթում նշեց, որ կարևոր են նմանօրինակ միջոցառումները: Դրանք նպաստում են ուսանողների ռազմահայրենասիրական դաստիարակությանը և խրախուսում զինծառայողներին:  
Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն Քնարիկ Ահարոնյանի կողմից հաղթող մասնակիցները պարգևատրվեցին պատվոգրերով և մրցանակներով: 
Գովելի էր այն փաստը, որ բոլոր մարզաձևերում առաջին տեղ զբաղեցրին Հայոց բանակի շարքային զինվորները, ովքեր վառ օրինակ ծառայեցին դեռահասների համար: