Այցելություն Գյումրու Լեզուների Տուն

17/10/2018

Սույն թվականի հոկտեմբերի 16-ին Սրբոց Թարգմանչաց տոնի կապակցությամբ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի  I, II, III  կուրսերի ուսանողներն այցելեցին Գյումրու Լեզուների Տուն՝ նպատակն էր ուսանողներին ծանոթացնել  թարգմանական արվեստին,  մերօրյա թարգմանիչներին և նրանց գործունեությանը։ : 
ՇՊՀ-ի Օտար լեզուների ֆակուլտետի «Թարգմանչական գործ» բաժնի դասախոս Հ․ Իսահակյանը խոսելով թարգմանական արվեստի մասին, ուսանողներին ներկայացրեց նաև ժամանակակից թարգմանական գրականության առանձնահատկությունները, ծանոթացրեց թարգմանական գրականության տեսակներին։  Նա նշեց, որ մեծագույն պատասխանատվությամբ պետք է վերաբերվել թարգմանվող նյութին՝ մեջ բերերով Հ․Թումանյանի հայտնի միտքը․ «Թարգմանությունը մի գեղեցիկ վարդ է՝ ապակու տակ»,  ուստի  որևէ գրողի ստեղծագործությունը թարգմանելուց առաջ, հիմնավորապես պետք է ուսումնասիրել այդ հեղինակի գործերը, նրա ապրած  ժամանակաշրջանը, ինչպես նաև փորձել հավատարիմ մնալ բնօրինակին։ Եվ որպես օրինակ բերեց Աստվածաշնչի թարգմանությունը, որը մինչև այժմ  մնում է անգերազանցելի։ 
Գեղեցիկ և գրագետ թարգմանության համար պետք է  փայլուն իմանալ այն լեզուն, որից թարգմանվում է։ Սակայն թարգմանչի  համար ամենակարևորը  մայրենի լեզվի գերազանց իմացությունն է, ազգային լեզվամտածողությունը։
Դասախոսությունից հետո ծավալվեց աշխույժ քննարկում․ պատասխանելով ուսանողներին հետաքրքրող հարցերին՝  դասախոսը հորդորեց  մասնագիտություն ընտրելիս սովորել նաև որևէ օտար լեզու, որպեսզի կարողանան դիմակայել ժամանակի մարտահրավերներին։ 

Հումանիտար մեթոդմիավորում
Պատասխանատու՝ Մ. Եգանյան