<Արհեստագործ Գյումրին>

27/11/2017

Նոյեմբերի 24-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողական խորհուրդն անցկացրեց գրական երաժշտական միջոցառում <Արհեստագործ Գյումրին> խորագրով։
Այն նպատակ ուներ ուսանողներին ծանոթացնել հայրենի քաղաքի՝  Գյումրիի պատմությանը, սովորություններին, կենցաղին, նրանց մոտ սերմանել սեր ավանդապաշտ, մշակութային հարուստ պատմություն ունեցող հայրենի քաղաքի նկատմամբ, ձևավորել սեփական քաղաքի կենցաղն ու մշակույթը պահպանելու և զարգացնելու պատասխանատվություն։
Միջոցառմանը ներկա էին ուսանողներ, հյուրեր, ծնողներ, տարբեր կրթօջախների դեռահասներ։
Հովհաննես Շիրազի <Դու իմ Գյումրի> երգի հնչյունների տակ բացվեց միջոցառումը ։ 
Բեմին Գյումրին էր՝ միայն իրեն հատուկ կոլորիտով, իր արհեստագործ վարպետներով հումորով, երգ ու պարով։  
-Էլ  ի՜նչ   աշխարհ, որ չունենա իրեն հատուկ բույր ու թույր,
Իր բաց ձեռքով ու բաց սրտով, իմ  գյումրեցին ուրիշ է,
Խոսքը շեն է, տունը շեն է, դուռը միշտ բաց հյուրի դեմ,
Թե ներս մտնես, կասես շիտակ, որ գյումրեցին ուրիշ է:
Ուսանողները շրջեցին վարպետաց քաղաքի փողոցներով, ներկայացրին Գյումրիի  ստեղծման պատմությունը։ Նշեցին, որ քաղաքն ունեցել է մի քանի անուն՝ Կումայրի, Գյումրի, Ալեքսանդրապոլ, Լենինական։
Գյումրին հնուց ի վեր հայտնի է եղել իր վարպետ արհեստավորներով, ովքեր միշտ բարձր են պահել Գյումրու պատիվը՝ տարբեր ժամանակներում արժանանալով պարգևների։ Հայտնի է, որ Տարախչյաններ տոհմի ոսկերիչները  ռուսական կայսր Նիկոլայ Երկրորդի կողմից պարգևատրվել են ոսկի մեդալով։
Ներկաների համար առավել հետաքրքիր էր Գյումրվա հայտնի տոհմանունների բացահայտումը՝ Քյոչակենց թախում, Ձիթողցյաններ, Մազմանյան եղբայրներ, Ագուլյաններ, Չախմախովենք, Բրուտյաններ, Դալլաքյաններ, Դուրգարյաններ, Դարբինյաններ, Բիչախչյաններ, որոնք կապված էին իրենց արհեստների հետ։ 
«Արհեստն է մարդուն ոսկե բիլազուկ»-այս կարգախոսը կարմիր թելի նման ընթանում էր ողջ միջոցառման ընթացքում։ 
Ուսանողների ելույթներից և կերտած կերպարներից զգացվում էր, որ նրանք սիրում են իրենց քաղաքը, հպարտ են, որ Գյումրվա անվանի արհեստավորների հետնորդներն են և պարտավոր են ոչ միայն շարունակել նրանց գործը, այլև արհեստը հասցնել արվեստի, այսինքն՝ կատարելության։ Այդ մասին վկայում էին նրանց ցուցադրած ձեռքի աշխատանքները։
Միջոցառումն ամփոփվեց ծնողների և հյուրերի ելույթներով, շնորհակալական խոսքերով և բարեմաղթանքներով։ 

 

Ուսանողական խորհուրդ