- Հայերեն
- Français
- English
Պահե՛նք ու զորացնե՛նք մեր անգին հարստությունը՝ մայրենին
Հունդը մեր գոյության…
Մեսրո՛պ, հայ դարերուն դիմաց կեցող
Դուն ադամանդյա ապառաժ….
Սիամանթո
«Արարիչ բոլոր գոյությունների, Դատավոր երկնքի, Զորավոր էություն, Հավիտենական թագավոր….». Մաշտոցյան ոսկեղենիկ հայերենի Ձոն աղոթքով մեկնարկվեց Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված ասմունքի ցերեկույթը: Միջոցառման կազմկերպիչներն էին գրադարանավար Սեդա Հակոբյանը և Ուսանողական խորհուրդը:
Օրվա խորհուրդը հայ ժողովրդի ինքնության արտահայտչի, ազգային հոգևոր հիմնասյան, միտքն ու հոգին սնող հարազատ լեզվի վերարժևորումն էր:
Ուսանողների խոսքը համեմված էր Տարօնական անդաստանում, Հացեկաց գյուղի ծոցում ծնված մաշտոցյան պատգամներով, մեծերի բանաստեղծական տողերով, հայոց այբուբենին կենարար զորությանը ներբողված խոսքերով, երաժշտական ընդմիջումներով:
Միջոցառման ավարտին մանկավարժները ևս մեկ անգամ պատգամեցին. «Պահե՛նք ու զորացնե՛նք մեր անգին հարստությունը՝ մայրենին, սիրե՛նք, սովորե՛նք, զարգացնե՛նք այն, դարերի ճամփորդ դարձած՝ այն մեզ է նվիրաբերվել և մենք պարտավոր ենք արժևորել, հոգալ դրա մաքրության և հարստության համար»:
Գրադարանավար՝ Ս. Հակոբյան