Ուսանողը՝ ապագայի հուսալի երաշխիք 

25/11/2016

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում նոյեմբերի 22-ին անցկացվեց միջոցառում՝ նվիրված Ուսանողների միջազգային օրվան: Ուսումնարանի տնօրեն Քնարիկ Ահարոնյանը շնորհավորանքի խոսք հղեց ուսանողներին և ամփոփեց ուսանողների 2016 թվականի ձեռքբերումները՝ մասնակցությունները մասնագիտական տարաբնույթ մրցույթների և գրանցված հաղթանակները: Տնօրենն անդրադարձավ նաև զինվորական ծառայություն ընթացքում պարգևների արժանացած ուսանողներին, ովքեր անմնացորդ նվիրումով մասնակցել են  հայրենիքի պաշտպանության գործին:  
Պատվոգրեր հանձնվեցին ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցություն ունեցած հաղթող թիմերին և ուսանողներին: 
Հանդիսավոր կերպով հնչեց առաջին կուրսեցիների երդումը, որտեղ նրանք խոստացան լինել օրինակելի ուսանողներ, ձեռք բերել մասնագիտական գիտելիքներ, հավատարիմ մնալ ազգային արժեքներին ու ավադույթներին, անմնացորդ ծառայել հայրենիքին:
Ապագայի հանդեպ ձգտումներով և երազանքներով էր լցված միջոցառման գրական-գեղարվեստական մասը՝ սեր, անմահություն, բարություն ու մարդասիրություն շեշտադրումներով:  Բեմը հիշեցնում էր անսահման հորիզոն, որտեղ իրար էին ձուլվել երկնքի լազուրն ու ծովի ալիքները: Ուսանողներն իրենց երազանքներն ու նպատակներն արտահայտել էին «բարդ» նավարկությամբ, որտեղ «նավապետն ու անձնակազմը» պատրաստ էին դիմակայելու բազում փորձությունների: Միջոցառումը փիլիսոփայական միտումներով «ձուլվել» էր ծովի ալեծուփ ալիքներին, որոնք ստիպում են մարդ-արարածին լինել ավելի ուժեղ, կայուն և վստահ ՝ապագայում ամուր և հաստատակամ կանգնելու համար: Ընտրված բանաստեղծական խոսքերը, երգն ու պարը իրար շաղկապվել էին մեկ գաղափարով՝ սիրել մարդուն, լույսով լցնել աշխարհը և ժպիտ նվիրել ամենքին: 
Հանդիսականին էին փոխանցվել ուսանողների տարածած բարությունն ու երիտասարդական անկեղծ մտորումները: 
Ուսանողների օրվա կապակցությամբ ուսանողներին շնորհավորեցին նաև դասախոսական կազմը՝ մաղթելով հաստատուն կամք, եռանդ, ուսման մեջ հաջողություններ ու բոլոր նպատակների իրականացում:

Ուսանողական խորհուրդ