Վիկտորինա՝ «Քիմիան և հարակից գիտությունները» թեմայով 

21/11/2016

Նոյեմբերի 16-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում անցկացվեց «Քիմիան և հարակից գիտությունները» խորագրով վիկտորինա: Մասնակիցներն առաջին կուրսերն էին «Պլատին» և «Ոսկի» անվանումներով:
 Միջոցառման նպատակն էր զարգացնել սովորողների տրամաբանական մտածողությունը, ինքնուրույն հետազոտական կարողություններն ու ճանաչողական հետաքրքրությունները, ձևավորել թիմի յուրաքանչյուր անդամի ներուժը գնահատելու հմտություններ: 
Վիկտորինան սկսվեց թիմերի ավագների կողմից տնային առաջադրանքների գրագետ ներկայացմամբ: 
Մրցույթին առաջադրված էին քիմիայի հետ կապված հարցեր աշխարհագրություն, կենսաբանություն, ֆիզիկա, պատմություն, գրականություն առարկաներից:  Հարցերը կազմելիս հաշվի էր առնվել ոչ միայն ուսանողների ունեցած առարկայական գիտելիքները, այլև նրանց  ընդհանուր զարգացածության  մակարդակը: 
Լսարանում ստեղծվել էր մրցակցային մթնոլորտ. յուրաքանչյուր թիմ ջանք ու եռանդ չէր խնայում՝ ցանկալի արդյունքի հասնելու համար: Գովելի էր այն փաստը, որ ուսանողները կարողանում էին հմտորեն լրացուցիչ տեղեկատվություն հաղորդել առաջադրված երևույթի կամ եզրույթի վերաբերյալ: Ուսանողները ոչ միայն ցուցադրեցին իրենց գիտելիքները, այլև ստեղծագործական մոտեցումներով կապ ստեղծեցին քիմիայի, իրական աշխարհի և մարդկային զգացմունքների միջև: Հետաքրքրական էր նաև «անձնական նամակի վերծանում» առաջադրանքի լուծումը,  այն հնարավորություն տվեց ուսանողներին պրպտելու քիմիայի «աշխարհը», հարստացնելու բառապաշարը և  գեղագիտական ճաշակը: 
Արդյունքների ամփոփման ժամանակ ժյուրին գնահատեց ինչպես ուսանողների ինտելեկտուալ գիտելիքները, այնպես էլ նրանց ստեղծագործական կարողություններն ու հմտությունները: Ժյուրիի նախագահ Ք. Ահարոնյանը խրախուսեց նմանօրինակ միջոցառումների անցկացումը՝ նշելով դրանց կարևորությունը ուսանողների տրամաբանության, ստեղծագործական մտքի զարգացման գործում: 

                                                                                                         Քիմիայի դասախոս    Զ.Նահապետյան