Հայոց լեզուն հազարագանձ

26/02/2020

Փետրվարի 21-ին Շիրակի մարզային գրադարանում Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի  հետ համատեղ անցկացվեց միջոցառում՝ նվիրված Մայրենի լեզվի միջազգային օրվան: Գրադարանի աշխատակիցները սիրով հյուրընկալեցին ուսանողական խորհրդի անդամներին, ծանոթացրին գրադարանի տարբեր բաժինների աշխատանքային առօրյային:
Ուսանողները ներկաների ուշադրությանը ներկայացրին իրենց պատրաստած գրական-երաժշտական միջոցառումը՝ «Հայոց լեզուն հազարագանձ» խորագրով: Հուզառատ ասմունքն ու երգը, մայրենիի մասին հանրաճանաչ մարդկանց ասույթները մեկ անգամ ևս փաստեցին այն ճշմարտությունը, որ յուրաքանչյուր ազգի համար լեզուն անփոխարինելի է և համարվում է ազգապահպանման հզոր զենք, ինքնության ու հավերժության կռվան:
Միջոցառումն ամփոփեց հայոց լեզու և հայ գրականություն դասավանդող Գայանե Ավետիսյանը՝ Հ. Սահյանի <Մեր լեզուն> գողտրիկ բանաստեղծության ասմունքով:
Գրադարանի աշխատակիցներն իրենց գոհունակությունն արտահայտեցին՝ հորդորելով ուսանողներին անաղարտ ու անառիկ պահել հայոց լեզուն:

Ուսանողական խորհուրդ