Մաթեմատիկան մարդու կյանքում՝ Բլեզ Պասկալ

05/04/2019

 

Ս/թ ապրիլի 4-ին «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում՝ վարսահարդար» I կուրսի ուսանողների մասնակցությամբ մաթեմատիկա առարկայից անցկացվեց բաց դաս «Մաթեմատիկան մարդու կյանքում՝ Բլեզ Պասկալ» թեմայով:
Դասի նպատակն էր ճանաչել և գնահատել մաթեմատիկայի դերը մարդու կյանքում, ընդլայնել ուսանողների իմացության մտահորիզոնը, ստեղծել միջառարկայական կապ:
Մասնակիցներին նախապես հանձնարարվել էր պատրաստել նյութեր` մարդու կյանքում մաթեմատիկայի ունեցած դերի և մեծանուն փիլիսոփա, ֆիզիկոս և մաթեմատիկոս Բլեզ Պասկալի կյանքի և գործունեության վերաբերյալ: 
Ուսանողները բովանդակալից սահիկաշարի և հետաքրքիր տեսանյութերի միջոցով ներկայացրին մաթեմատիկայի դերը տարբեր բնագավառներում՝ ճարտարապետություն, շինարարություն, բժշկություն, արդյունաբերություն, տնտեսագիտություն, ինչպես նաև առօրյա կյանքում և բիզնեսում: Կարևորվեց մաթեմատիկան՝ որպես մարդու մտավոր կարողությունների զարգացման խթանիչ:
Ներկայացվեց Բլեզ Պասկալի կենսագրականը, փիլիսոփայական մտքերը և հայտնագործությունները՝ մատնանշելով նրա ուրույն դերը ինչպես մաթեմատիկայի, այնպես էլ ֆիզիկայի զարգացման գործում:
Մասնակիցները, հմտորեն կիրառելով տեսական գիտելիքները, կարողացան գործնականորեն կառուցել «թվաբանական եռանկյունը»՝ դրանից դուրս բերելով մի քանի բազմանդամային բանաձևեր:
Դասն ավարտվեց Յ.Գյոթեի խոսքերով. «Հաճախ են ասում, որ թվերն են կառավարում աշխարհը: Կասկած չկա գոնե այն բանում, որ թվերը ցույց են տալիս, թե այն ինչպես է կառավարվում»:

Բնագիտամաթեմատիկական մեթոդմիավորում