Այս հմուտ, հանճարեղ Լոռեցին…..

02/04/2019

Մարտի 28-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում տեղի ունեցավ «Այս հմուտ, հանճարեղ Լոռեցին…..» խորագրով գրական ցերեկույթ՝ նվիրված Հովհաննես Թումանյանի 150-ամյակին: 
Միջոցառման նպատակն էր ներկայացնել բանաստեղծի կենսագրությունը, արժևորել նրա գրական ու մշակութային ժառանգությունը, ձևավորել գեղագիտական ճաշակ, հարգանք հայ գրականության երախտավորների հանդեպ: 
Ցերեկույթի ընթացքում հնչեցին Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայից երաժշտական կտորներ, ուսանողները ցուցադրեցին թատերական դրվագներ, կատարեցին երգեր՝գրված Թումանյանի բանաստեղծությունների հիման վրա:
Համոզիչ ու խոսուն էր Գառնիկ Ղոջոյանի մարմնավորած Թումանյանի կերպարը. ժողովրդի ցավով տառապող, նրա վշտի հետ ապրող, բայց երբեք հավատն ու լավատեսությունը չկորցնող մարդ-անհատ: 
Ուսանողները Թումանյանի ժամանակակիցների հիշողությունների միջոցով բնութագրեցին անմահ Լոռեցուն՝ որպես Ամենայն հայոց բանաստեղծ, որբերի հայր, անզուգական թարգմանիչ, մի հրավառ հուր հոգի, որը հավերժ սավառնելու է հայոց պոեզայի Պառնասում: 
Գրական ցերեկույթն ավարտվեց Թումանյանի քառյակների ընթերցմամբ, որին մասնակից դարձավ նաև հանդիսատեսը:

Ք. Գրիգորյան