«Մաքուր Հայաստան»

23/11/2023

2023 թվականի նոյեմբերի 23-ին էկոլոգիական կրթության և դաստիարակության նպատակով Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում «Մաքուր Հայաստան» խորագրի շրջանակում անցկացվեց «Օդ, որը մենք շնչում ենք» թեմայով ինտեգրված բաց դաս՝ բնագիտական առարականերից/քիմիա, կենսաբանություն, ֆիզիկա, աշխարհագրություն/։ Բաց դասին մասնակցում էին «Խոհարարական գործ», «Ոսկերչություն», «Համակարգիչների շահագործում» մասնագիտությունների առաջին կուրսերի 17 ուսանողներ։ Բաց դասի նպատակն էր ձևավորել գիտելիքներ օդի բաղադրության, շերտային կառուցվածքի, ինչպես նաև այրման ժամանակ մթնոլորտի բաղադրության հավասարակշռության խախտման պատճառների և հետևանքների մասին։ Փորձերի միջոցով ամրապնդել դիֆուզիայի, այրման և օքսիդացման ռեակցիաների վերաբերյալ տեսական գիտելիքները և կիրառել վերջիններս գործնականորեն։ Արժևորել շրջակա միջավայրի անաղարտության պահպանության կարևորությունը։
Բաց դասը մեկնարկվեց Դավիթ Անհաղթի թևավոր խոսքերով․ «Բնությունն է մայրն ամենայն գեղեցիկի, բարու և չարի: Նա գիտե ամեն ինչ իր տեղում և ժամանակին անել: Բնությունն անսխալական է»:
Ուսանողների կողմից մանրակրկիտ ներկայացվեցին առողջ ապրելակերպի, շրջակա միջավայրի մաքրության պահպանության վերաբերյալ խոսուն փաստեր՝ սահիկաշարի ցուցադրմամբ և ցուցապաստառի դիտարկումով։ Սահուն կերպով անցում կատարվեց «դիֆուզիայի երևույթը գազերում և հեղուկներում», «այրումը և օքսիդացումը մարդու օրգանիզմում, շրջակա միջավայրում» թեմաների ներկայացմանը, որոնք առավել տպավորիչ և ուսանելի դարձան ուսանողների կողմից մեկնաբանված, անսխալ կատարված լաբորատոր փորձերի ցուցադրությամբ։
Բաց դասի ամփոփման փուլն իմաստավորվեց, երբ ակտիվ քննարկման ժամանակ ուսանողները բերեցին թեմատիկ տիպային օրինակներ կենցաղից՝ վկայակոչելով միջառարկայական կապի ստեղծումը բնագիտական առարկաներից։
Օրինակելի ինտեգրված բաց դասը խթանեց թեմայի շուրջ ձեռք բերված գիտելիքների խորացումը, վերջնարդյունքում՝ արժևորվեց մոլորակի վրա գիտակից անհատի կողմից երբևէ էկոլոգիական «փոքրիկ ոտնահետք» ունենալու կարևորությունը։
ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐ․
Կենսաբանություն առարկայի դասախոս՝ Զ․Նահապետյան
Ֆիզիկա առարկայի դասախոս՝ Ա․Մկրտչյան
Քիմիա առարկայի դասախոս՝Ք․Մարկոսյան
Աշխարհագրություն առարկայի դասախոս՝Ա․Բարոյան