Մայիսի 24․ՂՈՂԱՆՋ ԱՎԱՐՏԻ․․․

24/05/2023

Կրթօջախում կրկին տոնական տրամադրություն էր․ ազդարարեցին վերջին զանգի ղողանջները։ Գարնանային բացառիկ այդ օրը տարբերվում էր նախորդներից իր հիշարժանությամբ, խոնարհումի, հարգանքի և ապրեցնող նվիրումի կերտվածքով։ Լացող ու ժպտացող աչքեր, հուզառատ և ինքնաբուխ խոսքեր, անզուգական երգ  ու պար, անկեղծության,  նվիրումի ջերմ ու հիշարժան պահեր։ Խոստովանանքին միախառնվել էին ոչ միայն շնորհակալանքի, այլև՝ ափսոսանքի գույները։

Միջոցառման ավարտն առավել ինքնատիպ էր, երբ կրթօջախի տնօրեն տիկին Ահարոնյանի կողմից խրախուսվեցին և պատվոգրեր հանձնվեցին հասարակական ակտիվի մեջ իրենց լավագույնս դրսևորած, սպորտային հաջողություններ գրանցած և մասնագիտական ստեղծագործ հմտություններով օժտված շնորհալի ուսանողները։

Տնօրինության կողմից շնորհակալագրեր հանձնվեցին նաև Արցախյան 44-օրյա պատերազմի այն մասնակից շրջանավարտներին, ովքեր հավատարիմ են մնացել հայի բարոյապաշտ, հայրենասեր և անվախ տեսակին։

Եվս մեկ տարի գրանցվեց կրթօջախի  պատմության հիշարժան էջերում: