«Քեզ համար Ազնավուր»

10/12/2018

«Ես Ֆրանսիայում ինձ երբեք օտար չեմ զգացել, բայց միաժամանակ երբեք չեմ մոռացել, որ հայ եմ»
Շառլ Ազնավուր

Դեկտեմբերի 5-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողական խորհուրդն անցկացրեց «Քեզ համար Ազնավուր» խորագրով միջոցառում՝ նվիրված մարդասիրության մեծն դեսպան Շառլ Ազնավուրին: 
Ուսանողները ներկայացրին նրա կենսագրությունը, ստեղծագործական դժվարին ուղին, ազգանվեր գործունեությունը, համամարդկային կերպարը: 
Բեմի ձևավորումը, ստեղծված մթնոլորտը, ուսանողների մարմնավորած կերպաները ներկաներին տեղափոխել էին ֆրանսիական միջավայր, որտեղ Շահնուր Ազնավուրյանը ստացել էր եվրոպական կրթություն՝ էությամբ մնալով հայ: 
Միջոցառումը համեմված էր ազնավուրյան բանաստեղծական շնչով, աշխարհահռչակ երաժշտի խոհափիլիսոփայական թևավոր մտքերով: 
Հնչեցին Հայաստանին նվիրված երգեր, ինչպես նաև 1988 թվականի աղետյալ երկրաշարժի ժամանակ ծնված և  աշխարհին օգնության կանչ դարձած «Քեզ համար Հայսատան» երգը, որը ներկաներն ունկնդրեցին հոտնկայս: 
«Սիրել և անմնացորդ նվիրվել մարդկությանը՝ անկախ ռասսայից, գույնից, կրոնական պատկանելիությունից». սրանք լոկ խոսքեր չէին Ազնավուրի համար, այլ ապրելու ձև, կեցության իմաստ, որը պատգամում էր նա ողջ մարդկությանը, երիտասարդ սերնդին: 
 Նա մեզ լքեց, բայց ինչ թողել է՝ հավերժ է...
Միջոցառման հանդիսավոր մասում ուսումնարանի տնօրեն Քնարիկ Ահարոնյանը շնորհակալագրեր և պատվոգրեր հանձնեց 2018 թվականի ընթացքում ուսումնարանում կազմակերպված միջոցառումներին, ուսանողական խորհրդի աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերած, մասնագիտական, սպորտային և այլ բնագավառներում հաջողություններ ունեցած ուսանողներին, ինչպես նաև «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթում հաղթանակ տարած «Ոսկերչություն» մասնագիտությամբ երկրորդ և երրորդ կուրսերի ուսանողներին: 
Միջոցառմանը ներկա էին նաև ուսանողների ծնողները, ովքեր գնահատանքի և շնորհակալական խոսքերի արժանացան տնօրինության և ուսանողության կողմից: 

 Ուսխորհուրդ