Հայ օպերային արվեստի ռահվիրան

01/12/2021

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում 2021 թվականի նոյեմբերի 30-ին տեղի ունեցավ բաց դաս՝ «Հայ օպերային արվեստի ռահվիրան» խորագրով։ Դասը կազմակերպվել էր  Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։ Ուսանողները թեմատիկ սահիկաշարի միջոցով ներկայացրին հայ անվանի երաժշտահանի թողած մշակութային հարուստ ժառանգությունը՝ նշելով, որ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կրում է  նրա անունը: 
Օրվա խորհուրդը երկու հանճարների հանդիպումից ծնված գեղարվեստական հրաշքի ներկայացումն էր: Ցուցադրվեց Սպենդիարյանի «Ալմաստ»  օպերայից հատվածներ՝ որի գեղարվեստական հիմքը  անմահ լոռեցու՝ Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը»  պոեմն է։ Մասնակիցները ներկայացրին «Ալմաստ» օպերայի  ստեղծման պատմությունը՝ մեջբերելով Նվարդ Թումանյանի հիշողությունները։
Ֆիլմ-օպերայի ցուցադրմանը զուգընթաց ուսանողները կարդացին հատվածներ «Թմկաբերդի առումը» պոեմից, ներկայացրին թատերական  դրվագներ։ Դասն ավարտվեց գեղեցիկ պարային կատարումով։  
Ամփոփելով դասը՝ մասնակիցները համոզմունք հայտնեցին, որ այսօր էլ Սպենդիարյանի «Ալմաստ» օպերան համարվում է հայ երաժշտական արվեստի գլուխգործոց, որի միջոցով սերունդներ են դաստիարակվում։

Գ. Ավետիսյան