Պահե՛նք ու զորացնե՛նք մեր անգին հարստությունը՝ մայրենին

22/02/2021

Հունդը մեր գոյության…
Մեսրո՛պ, հայ դարերուն դիմաց կեցող
Դուն ադամանդյա ապառաժ….
Սիամանթո
 
«Արարիչ բոլոր գոյությունների, Դատավոր երկնքի, Զորավոր էություն, Հավիտենական թագավոր….». Մաշտոցյան ոսկեղենիկ հայերենի Ձոն աղոթքով մեկնարկվեց Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված ասմունքի ցերեկույթը:  Միջոցառման կազմկերպիչներն էին գրադարանավար Սեդա Հակոբյանը և Ուսանողական խորհուրդը:
Օրվա խորհուրդը հայ ժողովրդի ինքնության արտահայտչի, ազգային հոգևոր հիմնասյան, միտքն ու հոգին սնող հարազատ լեզվի վերարժևորումն էր: 
Ուսանողների խոսքը համեմված էր Տարօնական անդաստանում, Հացեկաց գյուղի ծոցում ծնված մաշտոցյան պատգամներով, մեծերի բանաստեղծական տողերով, հայոց այբուբենին կենարար զորությանը ներբողված խոսքերով, երաժշտական ընդմիջումներով: 
Միջոցառման ավարտին մանկավարժները ևս մեկ անգամ պատգամեցին. «Պահե՛նք ու զորացնե՛նք մեր անգին հարստությունը՝ մայրենին, սիրե՛նք, սովորե՛նք, զարգացնե՛նք այն, դարերի ճամփորդ դարձած՝ այն մեզ է նվիրաբերվել և մենք պարտավոր ենք արժևորել, հոգալ դրա մաքրության և հարստության համար»: 

Գրադարանավար՝ Ս.  Հակոբյան