<Քիմիան և սնունդը> 

06/05/2019

Ս/թ. մայիսի 2-ին <Համակարգիչների շահագործում՝ օպերատոր համակարգչի>, <Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում՝ վարսահարդար>, <Ոսկերչություն՝ ոսկերիչ>, <Խոհարարական գործ՝ խոհարար> I և <Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում՝ վարսահարդար>, <Ոսկերչություն՝ ոսկերիչ> II կուրսերի ուսանողների մասնակցությամբ քիմիա առարկայից անցկացվեց բաց դաս՝ <Քիմիան և սնունդը> թեմայով:
Դասի նպատակն էր խորացնել գիտելիքները սննդի մեջ պարունակվող սննդանյութերի վերաբերյալ, կարևորել ճիշտ սննդակարգը՝ առողջության պահպանման գործում:
Մասնակիցները բաժանված էին հինգ խմբերի, որոնք ներկայացրեցին <Սպիտակուցներ>, <Ածխաջրեր>, <Ճարպեր>, <Վիտամիններ>, <Ջուր և հանքային աղեր> ենթաթեմաները:
Յուրաքանչյուր խումբ քարտեզագրման, պրիզմայի, սխեմաների, գրաֆիկների և ռեակցիաների հավասարումների միջոցով ներկայացրեց իրեն հատկացված սննդանյութի կառուցվածքը, հատկությունները, գործառույթներն ու դրանցով հարուստ սննդամթերքները՝ ամփոփելով բազմաբնույթ հարցերով ու վերլուծություններով:
Կատարվեցին հետաքրքիր փորձեր ֆիզիկական և քիմիական գործոնների ազդեցությամբ սպիտակուցների բնափոխման և բուսական սննդամթերքում պաշարային ածխաջրերի հայտաբերման վերաբերյալ:
Ամբողջ դասի ընթացքում ցուցադրվում էր բովանդակալից սահիկաշար՝ առավել պատկերավոր դարձնելով ներկայացվող նյութը:
Դասն ամփոփվեց սննդի էկոլոգիական մաքրության վերաբերյալ քննարկումներով, որտեղ խոսվեց օրգանական և քիմիական պարարտանյութերով պարարտացման կանոնների խախտման, թունաքիմիկատների չարաշահման, ագրոտեխնիկական միջոցառումների ոչ ճիշտ իրականացման հետևանքով սննդանյութերի մեջ հայտնված վնասակար նյութերի բացասական ազդեցությունների մասին՝ կարևորելով առողջ ապրելակերպում էկոլոգիապես մաքուր սննդի օգտագործումը: 
Գալով եզրահագման՝ նախապատվությունը տրվեց տեղական արտադրության ապրանքներին, որտեղ քիմիական հավելումները քիչ են և որով կկարողանանք լուծել ինչպես առողջ ապրելակերպի հետ կապված տարբեր խնդիրներ, այնպես էլ մասնակցություն կունենանք մեր երկրի տնտեսության բարելավման և զարգացման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին:

Պատասխանատու՝ Զ. Նահապետյան