ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ

30/03/2019

 

 Մարտի 29-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում անցկացվեց Բաց դռների օր: Միջոցառմանը մասնակցեցին Գյումրու հանրակրթական դպրոցների շուրջ 150 աշակերտ:  
Միջոցառման նպատակն էր օգնել երիտասարդներին մասնագիտական ճիշտ կողմնորոշման հարցում, ծանոթացնել ուսումնարանի գործունեությանը, ծրագրերին, գործող մասնագիտություններին, ձեռքբերումներին և գործընկեր կազմակերպությունների համագործակցության շնորհիվ ընձեռված հնարավորություններին: 
Ողջույնի խոսքով հանդես եկավ ուսումնարանի տնօրեն Քնարիկ Ահարոնյանը:
Ուսումնարանի գործունեության վերաբերյալ մանրամասներ ներկայացրեց տնօրենի տեղակալ Անուշ Մկրտչյանը, իսկ «Կարիերայի ուղղորդման կենտրոն»-ի ղեկավար Լևոն Իգիթյանը` կարեիայի կենտրոնի գործառույթները, նպատակը և իրականացված աշխատանքները:
Միջոցառմանը ներկա էին Շիրակի մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության, Գյումրու Տարածքային զբաղվածության կենտրոնի, «Էմիլի Արեգակ» և այլ գործընկեր կազմակերպությունների,  ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:
ՏԶԿ-ի տնօրենի տեղակալ Սվետլանա Ալեքսանյանը ներկայացրեց կենտրոնի կողմից իրականացվող պետական ծրագրերի, աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությունների և թափուր հաստիքների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն: Լենտեքս»  ՍՊԸ-ի  արտադրության պետ և անվտանգության ինժեներ Սուսաննա Աստոյանը,  «Կանաչ տեխնոլոգիաների հայկական կենտրոն» հիմնադրամի, ինժեներ Հովհաննես Ավդալյանը, և «Նոր Ալեպպո» ռեստորանի տնօրեն Շանթ Գահվեջյանը անդրադարձան հաջողված համագործակցությանը, շեշտելով համապատասխան արտադրամասերում «Ռադիոէլեկտրոնային միջոցների սպասարկում և նորոգում», «Խոհարարական գործ» մասնագիտական բաժինների ուսանողների գործնական պարապմունքների կազմակերպման արդյունավետությունը՝ աշխատաշուկայում մրցունակ կադրեր պատրաստելու գործընթացում: 
Մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Սամվել Մարտիրոսյանը քաջատեղյակ լինելով ուսումնարանի գործունեությանը, գոհունակությամբ կարևորեց  արհեստագործական կրթության դերը մարզի զարգացման գործընթացում:
Միջոցառման ավարտին ուսխորհրդի անդամների ուղեկցությամբ մասնակիցները շրջայց կատարեցին ուսումնարանի արհեստանոցներ, որտեղ ուսանողները ցուցադրեցին ձեռք  բերած մասնագիտական կարողությունները, իսկ ապագա դիմորդներին տրվեց անհատական խորհրդատվություն:

 

Կարիերայի ուղղորդման կենտրոնի ղեկավար Լևոն Իգիթյան