Հայոց բանակի հավերժական առաջնորդը...

07/03/2019

                                                                         Բանակը ազգի ինքնաճանաչման հայելին է, հայության հավաքական կերպարը…
                                                                                                                                                                                         Վ. Սարգսյան

2019 թվականի մարտի 6-ին Շիրակի կայազորի զորամասում Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողների մասնակցությամբ անցկացվեց միջոցառում՝ նվիրված Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակին: Միջոցառման նպատակն էր գնահատել ազգային հերոսների սխրանքները՝ հայ ազգի գոյատևման և կայացման գործում, նպաստել հայրենիքին ծառայելու պատրաստակամության բարձրացմանը: 
Միջոցառման սկիզբը տպավորիչ ու տրամադրող էր. ներկաներն ինքնաբուխ մասնակիցը դարձան հարգանքի տուրքի դրսևորմանը:
Ուսանողները հանգամանալից ներկայացրին Սպարապետի՝ դժվարություններով, բայց մեծ ձեռքբերումներով անցած հերոսական ուղին: Միջոցառումն առավել վառ երանգ ստացավ ասմունքի, երգ ու պարի շնորհիվ: 
Տպավորիչ էր ուսումնարանի ուսանողների ցուցադրական վարժանքների ներկայացումը: Այն հավատ էր ներշնչում, որ մեր ապագա զինվորները պատրաստ են պատվով ծառայելու հայրենիքին, գնահատելու հաղթանակի և խաղաղության արժեքը:
Միջոցառման ավարտին ելույթ ունեցավ Գյումրու կայազորի զորամասի հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Արմեն Գրիգորյանը. «Շնորհակալություն եմ հայտնում ուսումնարանի տնօրինությանը, միջոցառման կազմակերպիչներին, ուսանողներին: Ուսումնարանը մշտապես համագործակցում է Գյումրու կայազորի զորամասի հետ, իրո՛ք, նմանօրինակ միջոցառումների արդյունքում է, որ ձևավորվում և ոգեշնչվում են ապագա զինվորները, ովքեր շարունակելու են հայրենիքի պաշտպանության սուրբ գործը»:  
Այս միջոցառումը լուսեղեն կյանքի, նվիրումով կատարած շիտակ ու մնայուն գործերի պատում էր՝ սերունդներին Վազգեն Սպարապետի դասերը փոխանցելու ակնկալիքով: