«Մեջքդ շտկե՛ Գյումրի քաղաք». 

18/12/2018

Սովորական դեկտեմբերյան մի օր… Ոչնչով չտարբերվող մյուս օրերից: Դպրոցական աղջնակը դասավորում է պայուսակը, հետն էլ շաղակրատում և ծիծաղում է մոր հետ: Հանկարծ լսվում է մի ահեղ դղրդոց… ամեն ինչ խառնվում է, փշրվում է ծիծաղը, խլանում՝ ձայները, կանչերը մնում են անպատասխան: Թատերական այս հուզիչ դրվագով սկսվեց Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում անցկացված «Մեջքդ շտկե՛ Գյումրի քաղաք» խորագրով միջոցառումը՝ նվիրված 1988 թվականի աղետալի երկրաշարժի 30-ամյա տարելիցին: 
30 տարի. ժամանակի հավերժության հանդեպ այն մի ակնթարթ է, իսկ աղետ տեսած գյումրեցու համար վշտի ու ցավի, հուսահատության, խավարի, լույսի ու հավատի տարիներ: Լսելով ուսանողների բանաստեղծական խոսքը, դիտելով այդ աղետալի օրը պատկերող դրվագները՝ ներկաները հասկացան, որ ոչինչ  և ոչ ոք չի մոռացվել:  Միջոցառման երկրորդ հատվածը շնրչում էր լավատեսությամբ, օր օրի վեր հառնող Գյումրվա պատկերով, ապագայի նկատմամբ խոր հավատով ու հույսով: 
Միջոցառումը զուգակցվում էր աշուղական երգի, դուդուկի, պարի անզուգական կատարումներով:
Ուսանողների ոգեշնչող խոսքերը փաստում էին այն իրողությունը, որ Գյումրին պիտի շտկե մեջքը, պիտի կանգնի հպարտ, գլուխը բարձր, որովհետև նա մարդկանց ու աշխարհին  միշտ էլ ասելիք ունի… 
                         

    Հայոց լեզվի և հայ գրականության դասախոս՝ Ք. Գրիգորյան