Համաշխարհային խոհանոցի զարգացման փուլերը

09/12/2022

2022 թվականի դեկտեմբերի 9-ից Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում մեկնարկեց խոհարարական շաբաթ։

«Խոհարարական գործ» մասնագիտության առաջին կուրսի ուսանողների համար նախատեսվել է իրականացնել մասնագիտական ֆիլմաշարի դիտում-քննարկում, տարբեր ժամանակաշրջանների խոհարարության զարգացման  պատմության տարբեր փուլերի վերաբերյալ։ Հետաքրքրաշարժ ֆիլմերը ներառում են անառարկելի տեղեկատվություն անտիկ ժամանակաշրջանից մինչև հեղափոխություն։

Դասավանդող մասնագետի կողմից հանգամանալից ներկայացվեց վերոնշյալ դարաշրջանների «խոհանոցային արվեստի» զարգացման փուլերն իրենց առանձնահատկություններով։

Ուսանողներին առավել հետաքրքրական էր ազնվազարմ խավի ներկայացուցիչների նրբաճաշակ քիմքի համար նախատեսված կերակրատեսակների պատրաստման եղանակները և վերջիններիս յուրատիպ մատուցման ձևերը։ Նրանք տեսաֆիլմի միջոցով բացահայտեցին խոհարարական մի շարք գաղտնիքներ՝ տարբեր տեխնոլոգիաների, սարքավորումների և բաղադրատոմսերի վերաբերյալ։ Մասնավորապես ուշագրավ էր աշխարհում հայտնի ուտեստների ծագումնաբանության բացահայտումը, որոնց նախապատմությունը սկսվում է դեռևս Հռոմեական կայսրությունից. օրինակ՝ ֆրանսիական համադամ ուտեստ ՛՛Ֆուագրայի՛՛ հայրենիքը համարվում է Հռոմը։

Ֆիլմի դիտման ավարտին ծավալվեց մասնագիտական ինտերակտիվ քննարկում, և ապագա խոհարարներն իրենց տեսակետներն ու կարծիքները հայտնեցին թեմատիկ ֆիլմի կարևորության մասին։